Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում: Այդ մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Կրեմլի լրատվական ծառայությանը:
«Ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան՝ հուլիսի 16-ին Հելսինկիում կկայանա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում, ըստ նախնական պայմանավորվածությունների, կքննարկվեն ռուս-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև՝ միջազգային օրակարգի հրատապ հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները կայանալիք այս հանդիպմանը տալիս են «ամռան իրադարձություն» որակավորումը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ